Բնագիտություն

Երկրակեղևի կառուցվածքը

gb0411
geomorfologi06

Երկրակեղևն ունի շերտավոր կառուցվածք: Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմնական տեսակ’ մայրցամաքային և օվկիանոսային։
Մայրցամաքային երկրակեղևը եռաշերտ է: Վերին շերտը նստվածքային ապարների շերտն է: Նստվածքային ապարների շերտի տակ գրանիտային ապարների շերտն է, իսկ դրա տակ’ բազալտային ապարների շերտը։ Երկրակեղևի առավելագույ նհաստությունը 80 կմ է:

Օվկիանոսային երկրակեղևը բարակ է, հաստությունը 5—10 կմ է: Այն կազմված է միայն նստվածքային և բազալտային ապարների շերտերից:
Երկրի միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է։ Այդ պատճառով անընդհատ շարժվում է նաև երկրակեղևը, որի հետևանքով տարբեր տեղամասերում ապարաշերտերը կոտրատվում են, թեքվում, բարձրանում, իջնում կամ ծալքավորվում: Գիտնականները պարզել են, որ երկրակեղևում տեղի են
ունենում երկու տեսակի շարժումներ’ ուղղաձիգ և հորիզոնական: Ուղղաձիգ շարժումների հետևանքով երկրակեղևի տարբեր տեղամասեր դանդաղորեն բարձրանում են կամ իջնում: Հորիզոնական շարժումների ժամանակ երկրակեղևի առանձին տեղամասեր մի դեպքում մոտ են ու հաջորդում են իրար, սեղմվում’ առաջացնելով ծալքեր, մյուս դեպքում հեռանում են իրարից’ առաջացնելով խզվածքներ։
Երկրակեղևի առավել շարժունակ, անկայուն տեղամասերում, որոնք կոչվում են երկրածալքեր(գեոսինկլինալներ), կան գործող հրաբուխներ, և հաճախ լինում են ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին երկրածալքերը համընկնում են լեռնային շրջանների հետ:
Երկրակեղևում կան նաև համեմատաբար կայուն, անշարժ տեղամասեր, որոնք կոչվում են հարթակներ (պլատֆորմներ): Այս տեղամասերում չկան գործող հրաբուխներ, չեն լինում ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին դրանք համընկնում են հարթավայրերի հետ:

Реклама
Без рубрики

Ահմեդի ուղտը

Ահմեդը հինգ ուղտ հետևը ձգած գնում էր քաղաք:
Արևը սաստիկ այրում էր, ծարավը մարդու շրթունքը պատառ-պատառ էր անում:
Եղավ որ՝ հենց կիզիչ կեսօրին հանդիպեց մի աղբյուրի. որ ճանապարհի ափին ուրախ ու պայծառ քչքչում էր ծառերի զով ստվերի տակ:
Ահմեդը ուղտերը քաշեց աղբյուրի գուռների վրա, լավ ջրեց, ինքն էլ մի կուշտ խմեց, հետո երկար ու մեկ փռվեց ստվերի հովին:
Ո՛չ արթուն էր, ո՛չ քնած, մի հաճելի թմբիր զով ստվերի հետ իջել էր նրա հոգնած անդամների վրա:
Երբ կեսօրը կոտրվեց՝ Ահմեդը ուշքի եկավ, նայեց տեսավ ուղտերի մեկը չկա. կանգնեց քարերի գլխին, դիտեց չորս դին-բան չէր երևում. միայն բավական մոտիկում, մի գյուղ ծառերի միջից ճերմակին էր տալիս:
Շտապով ոտքի հանեց ուղտերը, գնաց գյուղ:
Մի պառավ կին պատահեց նրան գյուղի ծայրին:
-Նանի՛, – ասաց Ահմեդը,- ուղտս կորել է, չե՞ս տեսել, աչքիդ չի՞ ընկել: Է՛սպես- է ՛սպես մի ուղտ:
-Ես քո ուղտի դա՞րդն եմ,- զայրացած ասաց պառավը.- իմ կտրիճ աքլորն է կորել, ման կուգամ, ման կուգամ, չեմ գտնի, քո ուղտը աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ աքլորս ման գանք գտնենք, հետո քո ուղտը:
Ահմեդը գլուխը ժաժ տալով մտավ գյուղը, ուղտերը պահ տվավ գյուղի տանուտերին ու ինքը գնաց կորուստը փնտրելու:
Գյուղից դուրս տեսավ մի մարդ, պարկով ցորենը դրել է գետնին, պարկի մի կողքը պատռվել է, ցորենը բուռ-բուռ թափվել է ճամփի երկայնքով. խեղճ մարդը մեկ՝ ցորենն է հավաքում, լցնում պարկը, մեկ՝ մատներով գետինն է քրքրում, հողն մաղմղում:
-Ա՛յ, մարդ, ուղտս է կորել, էստեղով չի՞ անցել, տեսած չունի՞ս էսպես-էսպե՛ս մի ուղտ:
-Ես գլուխս եմ մոլորել, նեղսրտած ասաց մարդը,- երեխաներիս ապրուստը հող դարձավ. ասեղս եմ կորցրել, ասեղս, որ պարկս կարեմ, երթամ տուն. քո ուղտդ աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ ասեղս փնտրենք, հետո քո ուղտը:
«Խենթ են էս մարդիկը»,- փնթփնթաց Ահմեդն ու առաջ գնաց:
Ում որ դիմեց, նույն պատասխանն էր ստանում, թե ի՞նչ է, բան ու գործ չունեինք, քո ուղտի՞ն պիտի աչք պահեինք:
Ահմեդը վշտացած մարդկանցից ու հույսը կտրած՝ գյուղ վերադարձավ. մի ծառի տակ նստավ, գլուխն առավ ափերի մեջ տխուր-տխուր միտք էր անում. քունը վրա հասավ, և հոգնաբեկ Ահմեդը աչքերը գոցեց. քունն ու երազ տեսնելը մեկ եղավ. տեսավ, որ իր մայրն եկավ, Ահմեդի գլուխը շոյեց ու ասաց.
«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:
Ահմեդը զարթնեց և վազեց պառավի մոտ:
-Նանի, աքլորդ գտա՞ր,- հարցրեց Ահմեդը:
-Չէ՛, որդի, չէ՛:
-Արի, միասին փնտրենք,- ասաց Ահմեդը:
Եվ երկուսով ընկան գյուղի երդիկներն ու կալերը. մինչև ուշ երեկո որոնում էին կորած աքլորը. հանկարծ պառավը սրտապատառ գոչեց.
-Ահա՛ աքլորս, կտրիճ աքլորս, պատի տակ նստել է:
Ահմեդը վազեց դեպի աքլորը, սա էլ վախեցած թևերը թափ տալով վազեց դեպի դաշտերը. Ահմեդը հետևից, աքլորը առջեւից, աքլորը վազելով, Ահմեդն էլ հետեւից վազելով, վազելով…հանկարծ մեկ էլ աչքի առջևը- իր ուղտը, հենց իր ուղտը, որ կանաչի մեջ նստած հանգիստ որոճ էր անում: Ահմեդի ուրախությանը չափ սահման չկար. մեկ ձեռքին աքլորը, մյուս ձեռքին ուղտի պարուսանը- խնդումերես մտավ գյուղ:

Առաջադրանքներ

1․ Դուրս գրել և բառակազմական վերլուծության ենթարկել բարդ բառերը։

2․ Բացատրել տեքստում ընգծված արտահայտությունները։

3․ Բացատրի՛ր միտքը․

«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:

4․ Բնութագրի՛ր Ահմեդին։

С рубрикаий, Հայոց լեզու

«ՀԱՄԱՑԱՆՑԸ ԸՆԿԵ՞Ր Է, ԹԵ՞ ԹՇՆԱՄԻ»

Ինտերնետի ստեղծումը մեծ հեղաշրջում էր ամբողջ աշխարհում: Համացանցը դարձել է մեր ժամանակների ամենամեծ ձեռքբերումներից մեկը, կենցաղի անփոխարինելի բաղադրիչը: Համացանցի մասին մարդկանց գնահատականները տարբեր են, քանի որ այն լայն է, դրանից մարդկանց օգտվելու հնարավորությունները՝ տարբեր: Հիմա կարելի է մեծ անջրպետ նկատել այն և ներկա ժամանակներում մարդկանց շփման և միմյանց հանդեպ վերաբերմունքի մեջ: Մարդկանց մեծ մասն այսօր արդեն չեն գիտակցում ռեալ շփումների կարեվորությունը:

Ինտերնետը միշտ էլ եղել է մարդկանց մտքի երևակայության աղբյուր, բայց հիմա այն ոչ թե երևակայություն է, այլ հետաքրքիր, ժամանցային նաև շատ վտանգավոր իրականություն: Համացանցը շատ բան փոխեց մեր կյանքում, բայց ամեն մի նորություն իր հետ բերում է ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ: Համացանցի մասայականացումը և աճող սոցիալական ցանցերը հանգեցրին նրան, որ շփման ավանդական ձևերին ավելացավ ևս մեկը՝ վիրտուալը, որը տարեցտարի ընդլայնում է իր տիրապետությունը: Սոցցանցերը տալիս են բացարձակ մեծ հնարավորություն շփվել տարբեր մարդկանց հետ, անկախ իրենց հեռավորությունից, և նաև ձեռք բերել տարբեր բնագավառի գործընկերներ, ընկերներ:

Մասնագետների հավաստմամբ՝ վիրտուալ շփումով տարվելը աչքերի և ողնաշարի հետ կապված խնդիրներից բացի, նաև մարդու ներաշխարհի լուրջ փոփոխությունների կարող է հանգեցնել, և անհատը կարող է խուսափել շփման ավանդական ձևերից: Այլընտրանքային կյանքի հնարավորությունը գերող է մանավանդ այն մարդկանց համար, ովքեր իրենց հաջողակ և կայացած չեն համարում կյանքում, կամ ճգնաժամային շրջանում են: Այս պարագայում համացանցը կարող է անգամ կազդուրիչ դեր ունենալ: Ըստ մասնագետների՝ վերոնշյալ խնդրի նկատմամբ առավել խոցելի են դեռահասները. ‹‹Դա այն տարիքն է, երբ մարդիկ սկսում են միջսեռային հարաբերություններ հաստատել: Համացանցն այս պարագայում օգնում է թերարժեքության բարդույթներով երեխաներին ավելի ինքնավստահ զգալ, սակայն, միևնույն ժամանակ, հենց այս շրջանում դեռ չձևավորված անհատը պիտի փորձի գտնել այն ընկերախումբը, որտեղ իրեն լավ կզգա: Դա հմտություններ է պահանջում, որը համացանցը չի տալիս: Կյանքում կարևորվում են ինտիմ հարաբերությունները, որոնք համացանցում փոխարինվում են ընդհանուր զրույցներով, ինչը բացասական հետևանքներ է ունենում››,- ասում է հոգեբան Կարինե Գրիգորյանը:

Այսօր համակարգիչը իր բազմազան խաղերով երեխաների կյանքում մեծ տեղ է զբաղեցնում՝ երկրորդական դարձնելով իրական շատ այլ խաղեր: Համակարգիչը կյանքը տեղափոխում է վիրտուալ դաշտ: Այսօր բնական շփմանը փոխարինում է համացանցը, գրքին` կայքէջը: Այս հանգամանքը խանգարում է երեխաներին հետագայում ռեալ հասարակության մեջ դրսևորվել: Մասնագետները խորհուրդ են տալիս խաղալ համակարգչային այնպիսի խաղեր, որոնք զարգացնում են երեխաների հիշողությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը, պարունակում են գիտելիքներ. «Համակարգչային խաղերի աշխարհը երեխայի համար գնալով ավելի գրավիչ է դառնում: Այսօրվա խաղերը գունեղ են, հետաքրքիր, հաղթելու հնարավորություն տվող: Ավելի հեշտ է հարված ստանալ համացանցից, քան բակում ընկերոջից: Երեխան էլ հեշտ ճանապարհն է ընտրում, դա նորմալ է», – ասում է տիկին Գրիգորյանը:

Երիտասարդության մի զգալի հատվածի համար համացանցը սահմանափակվում է սոցիալական ցանցերում նոր ծանոթություններ ձեռք բերելով, ընկեր ընկերուհիների հետ հաղորդակցվելով: Համացանցը նման է հեղեղի: Խելացի մարդը՝ հեղեղի միջից ընտրում է օգտակարը, իսկ ոչ խելացին ընկնում է հեղեղի մեջ և կործանվում: Ոմանք կենդանի շփումները փոխարինում են համացանցի կապերով, ինչը շատ սխալ է:

Ամբողջ աշխարհում 2012թ-ի տվյալներով գոյություն ունի 2.2 միլիարդ էլեկտրոնային փոստի օգտատեր, որից 425 միլիոնը օգտագործում են Gmail-ը: Ինտերնետում վեբ կայքերի քանակը հասնում է 634 միլիոնի: Գոյություն ունի 2.4 միլիարդ ինտերնետ օգտատեր ամբողջ աշխարհով և 2012 թ. ընթացքում 1,2 տրիլիոն որոնում Googleով, Youtube-ով 4 միլիարդ ժամ դիտում է գրանցվել: Նայելով այս հսկայական թվերին հերթական անգամ համոզվում ենք, որ ինտերնետը դա ինֆորմացիայի հզոր աղբյուր է: