1․ Նկարագրե՛ք Լոռու մարզի աշխարհագրական դիրքը: Լոռու մարզն ունի համեմատաբար նպաստավոր աշխարհագրական դիրք, քանի որ նրա կենտրոնական մասով է անցնում Հայաստանի գլխավոր երկաթուղին, որը երկիրը կապում է Վրաստանի ու նրա սևծովյան նավահանգիստների հետ: Մարզը բարեկամական ավտոճանապարհներով կապված է հարևան բոլոր մարզերի ու Վրաստանի հետ և ունի ցայտուն արտահայտված բնական սահմաններ: Այն զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը:
2․ Վերլուծե՛ք Լոռվա մարզի բնառեսուրսային ներուժը: Լոռին օգտակար հանածոներով հարուստ մարզ է. հատկապես հայտնի են պղնձի ու բազմամետաղների (Ալավերդի, Շամլուղ, Ախթալա, Թեղուտ), ինչպես նաև հրակայուն կավերի, գրանիտի և շինանյութերի հանքավայրերը: Ջրային ռեսուրսների գլխավոր զարկերակը Դեբեդ գետն է իր վտակներով, որոնք ունեն էներգետիկ և ոռոգիչ նշանակություն: Մարզի տարածքի մոտ 1/5-ն անտառածածկ է:
3․ Առանձնացրե՛ք Լոռու քաղաքները և հայտնի գյուղերը:
- Քաղաքներ: Վանաձոր (մարզկենտրոն), Սպիտակ, Ալավերդի, Ստեփանավան, Տաշիր, Թումանյան, Ախթալա և Շամլուղ:
- Հայտնի գյուղեր: Գուգարք, Մեծավան, Օձուն, Մարգահովիտ, Ջրաշեն, որոնք ունեն 3 հազարից ավելի բնակչություն:
4․ Մարզում արդյունաբերության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։ Արդյունաբերության մեջ գերակշռում է հանքագործական արդյունաբերությունը (Ալավերդի, Ախթալա, Շամլուղ, Թեղուտ): Զարգացած է նաև էներգետիկան (Վանաձորի և Ձորագետի ջրէկ-ներ, Պուշկինի լեռնանցքի հողմային կայանը), քիմիական արդյունաբերությունը և մետաղաձուլությունը:
5․ Գյուղատնտեսության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։ Գյուղատնտեսության մեջ առաջատարը անասնապահությունն է, որի արտադրանքը մոտ երեք անգամ գերազանցում է բուսաբուծությանը: Լոռին տոհմային տավարաբուծության առաջատար շրջան է և աչքի է ընկնում կաթի ու պանրի արտադրությամբ: Բուսաբուծության մեջ գերակշռում են հացահատիկի, կարտոֆիլի մշակությունը և այգեգործությունը:
6․ Մարզում ինչպիսի՞ նշանավոր վայրեր գիտես։ Նշանավոր վայրերից են Հաղպատի և Սանահինի եկեղեցական համալիրները, Օձունի վանքը, Ախթալայի բերդն ու վանքը և Լոռի բերդաքաղաքի ավերակները: Բնական տեսարժան վայրերից են Թռչկանի ջրվեժը, Դեբեդի կիրճը և Ստեփանավանի դենդրոպարկը:
7․ Ինչ առանձնահատկությամբ է աչքի ընկնում մարզը։ Լոռին ՀՀ բազմաճյուղ արդյունաբերություն և գյուղատնտեսություն ունեցող մարզերից է: Այն առանձնանում է նրանով, որ այստեղ է գտնվում Հայաստանի միակ հողմային էլեկտրակայանը և նախկինում գործել է միակ պղնձաձուլական կոմբինատը: Մարզն ունի ՀՀ-ում բնական աճի ամենացածր ցուցանիշները:
8․ Վերլուծր՛ր Լոռու բնակչության առանձնահատուկ գծերը։ Բնակչությունը տեղաբաշխված է յուրահատուկ ձևով. բոլոր քաղաքները և գյուղերի մեծամասնությունը կենտրոնացված են միջլեռնային գոգավորությունների հատակային մասում և Դեբեդի հովտում: Ուրբանիզացման մակարդակով (56%) մարզը երրորդն է ՀՀ-ում: Բնակչության կազմում, բացի հայերից, կան նաև այլազգիներ, մասնավորապես՝ ռուս աղանդավորներ (մոլոկաններ):