Սա եղել է մի քանի տարի առաջ։ Բոլորը պատրաստվում էին տոնել Սուրբ Ծնունդը, տոնածառ ու նվերներ էին պատրաստում։ Եվ ես մենակ էի օտար երկրում, ոչ ընտանիք, ոչ ընկեր, և ինձ թվում էր, թե ես լքված ու մոռացված եմ բոլոր մարդկանց կողմից: Շուրջս դատարկություն էր, ու սեր չկար՝ հեռավոր քաղաք, անծանոթ մարդիկ, քար սրտեր։ Եվ այսպես, հոգեվարքի ու հուսահատության մեջ ես հիշեցի հին նամակների մի կապոց, որը կարողացել էի փրկել մեր սև օրերի բոլոր փորձություններով անցնելիս։ Ես այն հանեցի իմ ճամպրուկից և նրա միջից գտա այս նամակը։
Դա իմ հանգուցյալ մոր նամակն էր՝ գրված 27 տարի առաջ: Ի՜նչ երջանկություն է, որ ես հիշեցի նամակի մասին:
«Ի ՛մ թանկագին զավակ, Նիկոլենկա. Դու ինձ բողոքում ես քո մենակությունից, եթե դու իմանայիր, թե որքան տխուր ու ցավալի են քո խոսքերն ինձ համար։ Ի՜նչ ուրախությամբ կգայի քեզ համոզելու, որ դու մենակ չես և չես կարող մենակ լինել։ Բայց դու գիտես՝ ես չեմ կարող հեռանալ հայրիկից, նա շատ է տառապում, և ամեն րոպե կարող է ունենալ խնամքի կարիք: Իսկ դու պետք է պատրաստվես քննություններին և համալսարանն ավարտես: Դե, թույլ տուր գոնե պատմեմ, թե ինչու ես երբեք միայնակություն չեմ զգում։
Գիտե՞ս, արդյոք, որ մարդը միայնակ է այն ժամանակ, երբ ոչ մեկին չի սիրում, որովհետև սերը նման է թելի, որը մեզ կապում է սիրելի մարդու հետ: Նույն ձևով էլ մենք ծաղկեփունջ ենք պատրաստում: Մարդիկ ծաղիկներ են, իսկ ծաղկեփնջի ծաղիկները միայնակ չեն կարող լինել: Եվ հենց ծաղիկը ծաղկում է և սկսում անուշ բուրել,, այգեպանը այն դնում է ծաղկեփնջի մեջ::



