Ապրել ազատության մեջ , նշանակում է կարողանալ ազատ մտածել, ստեղծագործել , տալ ազատություն մտքերին ու երազանքներին։Երբ դու ազատ ես , դու կարող ես մտովի ճախրել, պատկերացնել, երազել, իրագործելի երազանքները դարձնել նպատակներ և գտնել ճանապարհեր այդ նպատակներին հասնելու համար։Ազատ լինել նշանակում է ազատ լինել նաև քո ընտրության մեջ, թույլ չտալ ուրիշներին քո փոխարեն որոշումներ կայացնել։Երբ քո միտքը ազատ է , ազատ ես հենց դու։ Եթե քեզ ազատ չես զգում,չես կարող լայն մտածել, երազել և ստեղծագործել, միտքդ դառնում է սահմանափակ և դու դժվարանում ես ինքնուրույն որոշումներ կայացնել։ Ազատ լինել նշանակում է նաև հարգել դիմացինի ազատությունը։ Լավ է ապրել ազատության մեջ։
День: 15 марта 2023
Մաս երկրորդ
Վերջապես վանդակը շարժեցին, շատ օրեր գլորեցին առաջ, ապա ինչ-որ երերուն տախտակի վրա ամրացրին և մեծ ջրի վրա լողացնելով տարան բազմամարդ մի երկիր հանեցին։
Առյուծն այդ բոլորը տեսավ զարմացած։ Ծովի ալիքների, կապույտ տարածության առաջ զմայլած մնաց, իր անապատը կարծեց։ Հետո, վանդակի շուրջը ժողովվող ժխորին նայեց քամահրանքով, իմացավ, որ մտցրել էին իրեն մի անծանոթ տեղ, ուր ոչ անտառ կար և ոչ անապատ, ուր հորիզոնն իսկ վանդակի էր նմանում. փակված, կարճ սեղմված, և օդը ճնշող, թանձր, հեղձուցիչ։
Շշմած, մեքենայաբար կերավ՝ ինչ տվին, արեց՝ ինչ ուզեցին։ Է՛լ չմռնչաց, էլ չկատաղեց, միայն կծկված վանդակի մի անկյունում՝ ժամերով անշարժ, միտքն իր անապատին, երազը՝ անտառին և լայնարձակ օդին, դառն հեկեկանքով լացավ ու մեռնել ուզեց։
Այդպես էր, որ նրան տարան, շրջեցրին քաղաքներ, նորից ջրեր անցկացրին, նորից մռայլ, խեղդիչ երկիրներ և վերջիվերջո մի անտառանման այգու մեջ մտցրին, վանդակը բարձրացրին, ստիպեցին նրան անցնել մի ուրիշ, ավելի մեծ ու կլոր շրջանի մեջ, դուռը փակեցին, մի կտոր միս էլ ներս ձգեցին, թողին ու հեռացան։
Առյուծն այժմ գազանանոցում էր։* * *
Ի ցույց էր դրված մի մեծ ու կլոր բարձր վանդակում, ուր մինչևիսկ, կարծես նրան ծաղրելու համար, փոքրիկ քարերից չնչին, խաղալիքի նմանող ժայռ էին կազմել մոտը սյունի պես կերտված, ցանցառ տերևներով, մանրիկ ճյուղերով ճղճիմ ծառ տնկել, ծառի տակը՝ ջրի ավազան, վանդակի հատակի վրա՝ ծովի չոր ավազ…
Առյուծը շուրջը նայեց, զզվանքով տեսավ իր ազատ հայրենիքը ծաղրող այդ ծառն ու ժայռը, պոչով փշրեց աոաջինը, ոտքով կոտրեց երկրորդը և դուրս նայեց: Դիմացը՝ պատեր, հեռուն՝ ուրիշ վանդակներ էր. ապա մռայլ ծառեր և նրանց տակը պտտող նայողներ, որոնք երբեմն մոտ էին գալիս բերանները բաց, դիտում և կամ ահաբեկ՝ ետ-ետ էին քաշվում…
Եվ հանկարծ այդ բոլորի մեջ լսվեց մի ծանոթ և խռպոտ մռնչյուն, որ լուտանքով գոչում էր.
— Ողջո՜ւյն անկյալ վեհափառության… Դարձավ։ Տասը քայլ հեռու, նո՛ւյնպես վանդակում, ձողերի ետևից գլուխն երերցնելով, չարամիտ վագրն աչքերը հեգնությամբ լի՝ իրեն էր նայում: Երբ նրանց ակնարկները միմյանց հանդիպեցին, արյունարբու գազանը ոռնաց ու ասաց.
— Ողջո՜ւյն, անապատի հզոր դու արքա, գոռ ան՛տառների, ազատ ժայռերի մեծ հսկա, եկել ես մեզ ընկե՞ր, մեզ՝ չնչիններիս, մեզ ստորներիս բախտակից եղել… Ողջո՛ւյն, անկյալդ վեհափառություն…
Ապա մի մեծ չարախնդաց, դիվային ծիծաղ լսվեց նրա վանդակից, հետո քրքիջն անցավ մի երրորդ վանդակի, որտեղից ինձը ատամները բացած, փայլուն աչքերով նայում էր հեգնությամբ… Եվ այդպես, քրքիջը քայլեց, վանդակից վանդակ մտավ, և մի րոպեի մեջ առյուծն իրեն գտավ շրջապատված չնչին անասունների, գերի գազանների, գայլերի, նույնիսկ կապիկների ծաղրով ու հեգնություններով։
— Ահ, արքա՜, խոնարհ մեր ողջույնը, — կանչում էր ինձը։
— Ողորմած եղիր, հզո՛ր թագավոր, որ համարձակվում ենք քեզ ընկեր լինել, — ոռնում էր գայլը:
— Մենք կապիկներս քեզնից հզոր ենք, — ճչում էին անճոռնիները, — որովհետև ուրախ ենք և կատակում ենք…
Ու ծաղր, հեգնություն, քրքիջ, աղաղակ ամեն կողմից տեղացին բռնված հզորի անպաշտպան գլխին։
Առյուծը մռնչաց, ոստնեց դեպի ձողերը, ուզեց դուրս ելնել, տրորել-ջարդել այդ հեգնողներին… բայց բախվեց ձողերի, գազանապահի հրաշեկ երկաթն այրեց նրա թաթը, և նա նկուն, կատաղի, գլուխը թաթերի մեջն առավ և ուզեց մեռնել։* * *
Դառն էր այդ բոլորը. դառն, անտանելի։ Մեռնելը խի՛ստ լավ էր։ Կուզենար տեսնել իր արյան կաթիլ առ կաթիլ քամվելը, իր անդամների կտոր առ կտոր բզկտվելը, կուզենար թաթերը փշրել ձողերի վրա, սիրտը հոշոտել, կորզել, դուրս ձգել:
Գիշերն էլ եկավ մռայլ ու խոնավ: Ծաղրն ու քրքիջը սաստկացավ, մեծացավ։
— Ա՛հ, մեռնելուց վախենո՞ւմ ես, — գոչում էր վագրը, — վանդակի մե՞ջ ես, փառավոր արքա՛…
— Ա՛հ, դու թշվա՞ռ ես, առյո՛ւծ ահալից, — մլավում էր ինձը…
— Թքե՛լ, թքել առյուծի վրա, — ճչում էին կապիկները… Առյուծը գլուխը կռացրեց, քաշվեց քարերի ետևը, աշխատեց մթության մեջ ընկղմվել և այդ ծաղրող ձայները չլսել։
Ոչ, պետք էր դուրս գնալ. ինչ որ էլ լիներ, մեռներ կամ ապրեր_պետք էր դուրս ելնել, ոտքի տակ տալ, տրորել ամեն բան, ամեն արարած, միայն մի րոպե, մի վայրկյան ազատության մեջ լինել, այնտեղ էլ մեռնել…
Եվ նա մոտեցավ վանդակի դռան, խուլ մռնչյուններով քաշեց ձողերը, ցնցեց ամեն բան ու գերբնական մի ուժով, հուսահատ ճիգով փշրեց դռան շղթան և դուրս թռավ իր դիմացը բռնված հրաշեկ երկաթի վրա…
Գազանապահն էր այն, մի սպառնալից, կրակած ձողակով, որ մոտենում էր նրան և հնչեղ ձայնով ներս հրավիրում…
Առյուծը ժողովեց իրեն, հետո ոստնեց:
— Մեռնե՜լ ազատ… — գոչեց նա։
Եվ երկաթը վժժալով՝ նրա կուրծքը մղվեց։
Առյուծը գալարվեց, երկնքին նայեց, անապատն երազեց, անտառին հառաչեց և հրաշեկ երկաթը կրծքին, աչքերն ազատության, մեռավ քաջի պես, բայց ազա՜տ օդում, ազա՜տ երկնքի տակ…