Ա. Էդիսոնի ծանոթները միշտ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բացելիս ինչո՛ւ են այդքան չարչարվում: Մի անգամ բարեկամներից մեկն ասում է.
— Նման հանճարը չէ՞ր կարող մի կատարյալ դռնակ ունենալ:
— Սխալվում ես, դռնակը հանճարեղ է կառուցված,- պատասխանում է գիտնականը:
Բարեկամը զարմանում է.
— Կատակո՞ւմ ես:
— Ո՛չ: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց չափազանցելու ասեմ, որ ամեն մի մտնող ստիպված քսան լիտր ջուր է լցնում ջրամբարը:
Բ. Էդիսոնի ծանոթները մի գլուխ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բաց անելիս ինչո՛ւ են այդքան քրտինք թափում: Օրերից մի օր բարեկամներից մեկն ասում է.
— Էղած-չեղածը դռնակ չէ՞, նման հանճարի ձեռքից չէր գա՞, որ մի տեղը տեղին դռնակ ունենար:
— Աչքիդ է երևում, դռնակը հանճարեղ է կառուցված,- պատասխան է տալիս գիտնականը:
Բարեկամի բերանը բաց է մնում.
— Ձե՞ռ ես առնում:
— Չէ՛: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց մազը գերան դարձնելու ասեմ, որ ամեն մի ներս մտնող, ուզի թե չուզի, քսան լիտր ջուր է լցնում ջրամբարը:
Գրաբար
Որսորդն եւ կաքաւն
Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.
— Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:
Եւ ասէ որսորդն.
— Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:
Բառարան
կալաւ — բռնեց
զենուլ — մորթել
ասէ — ասում է
զիս — ինձ
զի — որ, թե, որովհետև, որպեսզի
խաբեցից — խաբեմ, կխաբեմ, պիտի խաբեմ, խաբելու եմ
ածից — բերեմ, կբերեմ, պիտի բերեմ, բերելու եմ
ականատ — թակարդ
յականատ — (դեպի) թակարդները, թակարդներում
ստուգիւ — ստուգապես, իսկապես
մեռցիս — մեռնես, կմեռնես, պիտի մեռնես, մեռնելու ես
ի ձեռաց — ձեռքից
զսիրելիս — սիրելիներին
զազգականս — ազգականներին
մատնես — մատնում ես
ի մահ — մահվան