1, 6-րդ դասարան, Հայոց լեզու

Ոստրեն և մուկը

Մի անգամ ոստրեն ցանցն ընկավ ու ձկան հարուստ որսի հետ միասին հայտնվեց ձկնորսական խրճիթում:

-Այստեղ բոլորիս անխուսափելի կործանում է սպասվում,-տխուր մտածեց նա՝ տեսնելով, թե հատակին դատարկված կույտի մեջ իր դժբախտ եղբայրակիցներն առանց ջրի ինչպես են խեղդվում և ջղաձիգ թպրտում մահվան  տանջանքների մեջ:

Հանկարծ որտեղից որտեղ հայտնվեց մուկը:

-Լսի՛ր , բարի՛ մկնիկ,-աղերսեց ոստրեն: Բարի գործ արա, ինձ տար դեպի ծովը:

Մուկը հասկացող հայացքով զննեց նրան. Ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր, համ էլ դրա միսը պետք է որ հյութալի ու համեղ լիներ:

-Լավ,-պատրաստակամորեն ասաց մուկը՝ որոշելով ձեռք գցել ձրի ավարը, որն, ինչպես ասում են, իր ոտքով է եկել: -Բայց դու նախապես պետք է բացես քո խեցու փեղկերը, որպեսզի ինձ ավելի հարմար լինի քեզ տանել դեպի ծով: Հակառակ դեպքում ես ոչ մի կերպ չեմ կարողանա գործը գլուխ բերել:

Խաբեբան այնքան համոզիչ ու ոգեշնչված էր խոսում, որ նրա համաձայնությունից ուրախացած ոստրեն չնկատեց խարդավանքն ու վստահելով բացեց փեղկերը: Մուկը սուրուլիկ դնչով անմիջապես խցկվեց խեցու ներսը, որպեսզի ատամներն ավելի ամուր խրի խեցու մեջ: Բայց շտապելու պատճառով մոռացավ զգուշության մասին, և ոստրեն, զգալով, որ ինչ-որ բան այն չէ, հասցրեց շրխկացնելով փակել իր փեղկերը՝ թակարդի նման ամուր սեղմելով կրծողի գլուխը:

Մուկը ցավից բարձրաձայն ծվծվաց, իսկ մոտակայքում գտնվող կատուն լսեց ծվծվոցը, մի ցատկով վրա պրծավ խաբեբային ու հափռեց:

Ինչպես ասում են ՝ խորամանկիր, բայց պոչդ լա՛վ պահիր:

Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի

Реклама
1, 6-րդ դասարան, Հայոց լեզու

Դեղձենին

Մի այգում պնդուկենու կողքին աճում էր մի դեղձենի: Նա շարունակ նախանձով նայում էր իր հարևանի ճյուղերին, որոնք շռայլորեն լի էին բերքով:

— Այդ ինչի՞ց է, որ նա այդքան շատ պտուղներ ունի, իսկ ես՝ այդքան քիչ, — չէր դադարում փնթփնթալ անխոհեմ ծառը: — Մի՞թե դա արդարացի է: Թող էս նույնպես նույնքան դեղձ ունենամ: Ինչո՞վ եմ նրանից վատը:

— Աչք մի տնկիր ուրիշինի վրա, — մի անգամ ասաց նրան մոտակայքում բնակվող մի ծեր սալորենի: — Մի՞թե չես նկատում, թե ինչ ամուր բուն և ճկուն ճյուղեր ունի պնդուկենին: Փոխանակ անիմաստ փնթփնթաս ու նախանձես, ավելի լավ է ջանաս, որ բարձրորակ և հյութեղ դեղձեր աճեցնես:

Սակայն կուրացած չար նախանձով, դեղձենին չուզեց էլ ականջ դնել սալորենու բարի խորհուրդներին, և ոչ մի փաստարկ նրա վրա չէր ազդում: Նա անմիջապես հրամայեց, որ իր արմատներն ավելի խորը մխրճվեն հողի մեջ և այնտեղից ավելի շատ կենարար հյութեր և խոնավություն վերցնեն: Իսկ ճյուղերին նա հրամայեց ժլատություն չանել, իսկ ծաղիկներին՝ պտուղ դառնալ:

Երբ ծաղկունքի ժամանակն անցավ, ծառը պարզվեց, որ մինչև գագաթը լի է հասունացող պտուղներով:

Դեղձերը, լցվելով հյութով, օրեցօր ծանրանում էին, և ճյուղերն այլևս անկարող էին պահել նրանց:

Եվ ահա մի օր էլ, ծառը տնքաց  ծանրությունից, բունը ճրթոցով կոտրվեց, իսկ հասած դեղձերը ընկան գետնի  վրա, որտեղ էլ մնացին փտելու, անվրդով պնդուկենու ոտքերի մոտ:

Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի