Կենդանի օրգանիզմները, որոնց թվին են պատկանում ինչպես բույսերը և կենդանիները, այնպես էլ՝ բակտերիաները և սնկերը շատ բազմազան են: Ավելացնենք, որ կենդանի օրգանիզմ է նաև մարդը: Բոլոր նշված կենդանի օրգանիզմներն ունեն ընդհանուր բնորոշ հատկություններ և հատկանիշներ: Բոլոր կենդանի օրգանիզմները կարող են աճել և զարգանալ:
Դրանում հեշտությամբ կարող ենք համոզվել՝ տարիների ընթացքում դիտարկելով շրջակա միջավայրի բույսերը կամ կենդանիները: Դպրոցի աշակերտները, մեր հարևանները, բարեկամները և ընկերները տարբեր տարիքի և հասակի են, գեր և նիհար: Դա ևս աճի ու զարգացման դրսևորում է:
Կենդանի օրգանիզմները սնվում են, շնչում, հեռացնում ոչ պիտանի նյութերը, շարժվում, բազմանում և վերարտադրում իրենց նմաններին:
Այս և այլ հատկություններով կամ հատկանիշներով կենդանի օրգանիզմները տարբերվում են բնության անկենդան մարմիններից:
Առանձնահատուկ է կենդանի օրգանիզմների կապը շրջակա միջավայրի հետ: Բոլոր կենդանի օրգանիզմներր գտնվում են մշտական փոխազդեցության մեջ նրա հետ: Այդ կապն իրագործվում է այնքանով, որ կենդանի օրգանիզմը շրջակա միջավայրից ստանում է էներգիա և տարբեր նյութեր: Սրանք անհրաժեշտ են կենդանի օրգանիզմների կենսագործունեության համար: Կենդանի օրգանիզմներում էներգիան ձևափոխվում է, իսկ նյութերը՝ փոխակերպվում: էներգիայի մի մասը ջերմության ձևով ցրվում է միջավայր: Նյութերի փոխանակության հետևանքով առաջացած ոչ պիտանի վերջանյութերը դուրս են բերվում կենդանի օրգանիզմներից: Շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն արտահայտվում է նաև նրանց վրա միջավայրի տարբեր պայմանների ազդեցության մեջ: Եվ հակառակը՝ այդ պայմաններն էլ մասամբ կենդանի օրգանիզմների կենսագործունեության արդյունք են:
Միմյանց և շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն ուսումնասիրում է էկոլոգիան (հունարեն օյկոս բառր նշանակում է տուն կամ կացարան):