Հայոց լեզու

Իմ ընկեր Նեսոն

Մի խումբ ընկեր երեխաներ էինք։ Գյուղացի երեխաներ։

Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն․ ազատ էինք միանգամայն ու խաղում էինք, ի՜նչքան էինք խաղում։ Ու ո՜նց էինք իրար սիրում, ո՜նց էինք իրար սովորել։ Սոված ժամանակներս էլ՝ վազում էինք հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ։ Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ ասում կամ հեքիաթ պատմում։

Մի ընկեր ունեինք, անունը Նեսո։ Է՜նքան հեքիաթ գիտեր, է՜նքան հեքիաթ գիտեր, ոչ ծեր ուներ, ոչ տուտը։

Ամառվա լուսնյակ գիշերները մեր դռան գերանների վրա շուրջբոլոր նստոտում էինք, հիացած պլշում Նեսոյի՝ ոգևորությունից գեղեցկացած դեմքին։ Ու պատմում էր նա Հուրի փերիներից, Զմրուխտ Ղուշից, Լիս ու մութ աշխարհից․․․

— Նեսո ջան, Նեսո, հիմի էլ Կուր Թագավորի հեքիաթը պատմի, հիմի էլ Թութի ղուշի հեքիաթը պատմի․․․ հիմի էլ Քաչալի ու Քոսակի հեքիաթը պատմի․․․II

Էնպես պատահեց, որ մեր գյուղում ուսումնարան բաց արին։ Ինձ ուսումնարան տվին, ինձ հետ էլ մի քսան-երեսուն երեխա։ Ամեն մի երեխի համար տարեկան երեք ռուբլի վարձ էին ուզում․ էս պատճառով էլ գյուղի երեխաներից շատերը, որոնց ծնողները չէին կարող տարեկան երեք ռուբլի տան, մնացին դուրսը։ Դուրսը մնացին և իմ խաղընկերների մեծ մասը, նրանց հետ և Նեսոն։

Առաջին անգամն էր, որ մեզ ջոկում էին իրարից և ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը, առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մինս ունևոր ենք, մյուսս աղքատ։ Դեռ էսօր էլ ականջումս է Նեսոյի լացի ձենը, որ իրենց դռանը թավալ գալով գոռում էր, թե՝ ես էլ եմ ուզում ուսումնարան գնամ։ Եվ դեռ ականջումս է նրա հոր ձենը, որ կանչում էր. «Կա ո՜չ, կա ո՜չ, ա՛յ ոչ ու փուչ, որտեղի՞ց տամ․․․ Երեք մանեթ ունենամ՝ կտանեմ, հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած․ կա ո՛չ․․․»

Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս գալիս էին ուսումնարանի շեմքում հավաքվում՝ մեզ մտիկ անում, բայց վարժապետը թող չէր անում, էնտեղից քշում էր։ Դասամիջոցներին խաղի ժամանակ էլ չէր թողնում մեզ հետ խաղան, ասում էր՝ կողմնակի, օտար երեխաները իրավունք չունեն աշակերտների խաղերին խառնվելու։ Եվ նրանք գնում էին ուսումնարանի պատի տակին նստոտում՝ սպասում էին մինչև դասներս վերջանար, որ միասին գնայինք։

Էսպեսով էլ առաջին տարին ուսումնարանում ես մոտեցա նոր ընկերների հետ, Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս էլ տարվա վերջը էլ չէին գալիս ուսումնարանի պատի տակին նստոտում ու սպասում ինձ։III

Մի երկու տարի մեր գյուղի ուսսւմնարանումը կարդալուց ետը հերս ինձ տարավ մեր կողմերի գյուղաքաղաքը, էնտեղի ուսումնարանը տվավ։ Էս արդեն բոլորովին ուրիշ աշխարհք էր։ Տները սիպտակ, կարմիր տանիքներով, ժողովուրդը զուգված ու մաքուր, ուսումնարանն էլ մեծ ու գեղեցիկ, ու ոչ թե մի վարժապետ, ինչպես մեր գյուղումն էր, այլ մի քանի վարժապետ ու մինչև անգամ վարժուհիներ, որ նորություն էր ինձ համար ու զարմանալի, սակայն շատ դուրեկան։

Տեղին ու դպրոցին վայել իմ հագուստն էլ փոխեցին։ Քաղաքացի աշակերտի շորեր հագա, գեղեցիկ, մաքուր ու էսպես կերպարանափոխված էլ տոների արձակուրդին վերադարձա մեր գյուղը։

Նեսոն ու հին ընկերներս իմացել էին, թե վերադարձել եմ, առավոտից եկել էին մեր տան չորս կողմը պտտվում էին ու պատատակերիցը ծիկրակում։ Դուրս եկա, գնացի մոտեցա։ Չեմ հիշում ինչպես բարևեցինք, միայն էն է միտս մնացել, որ նրանք էլ առաջվա նման մտերիմ ու համարձակ չէին ինձ հետ։ Ամենից առաջ ուշադրություն դարձրին իմ շորերի վրա։ Նեսոն մինչև անգամ իմ աշակերտական կարճ բլուզն ակնարկելով մի սրախոսություն արավ, մյուսներին դառնալով՝ ասավ․ «Կասենաս՝ պոչատ կաչաղակ ըլի․․․»։ Նրանք ծիծաղեցին։ Ես վշտացա, բայց բան չասացի։ Ապա թե Նեսոն ձեռքը քսեց իմ շորերին, նրան հետևեցին մյուսները ու զարմանք հայտնեցին, թե ինչ փափուկ են։ Էդ օրը առաջին անգամն էր, որ ես էլ ուշք դարձրի նրանց շորերի վրա ու նկատեցի, թե ինչքան էին կեղտոտ ու պատռտված։ Եվ առհասարակ մեր ամբողջ գյուղը թվաց աղքատ ու կեղտոտ։IV

Երկու տարուց հետո էստեղից էլ հերս ինձ տարավ մեծ քաղաք, ավելի մեծ ուսումնարան։ Երբ էնտեղից էլ վերադարձա՝ իմ առաջվա խաղընկերները, որ արդեն մեծ տղերք էին, եկան բարևեցին մյուս գյուղացիների նման ու նրանց հետ էլ հեռու կանգնեցին։ Միայն մի անգամ, խոսակցության մեջ, երբ ուրիշները ինձ հարցնում էին, թե հիշո՞ւմ եմ արդյոք, որ միասին կարդում էինք, Նեսոն էլ հարցրեց թե՝ «Միտդ ա, որ ձեր դռան գերանների վրա գիշերները հեքիաթ էինք ասում․․․»։

— Վա՜, ի՞նչպես չի միտս․․․ Մի՞թե կմոռանամ։ Էդ իմ մանկության ամենալավ հիշողություններից մինն է,— պատասխանեցի ես։

Նեսոն կարծես թե ուրախացավ, բայց դարձյալ մնաց օտար ու հեռու։

Իսկ քաղաք վերադառնալու ժամանակ էնպես պատահեց, որ Նեսոյի հոր ձին վարձեցինք, որ ես հեծնեմ։ Նեսոն էլ պետք է ձիու հետ ոտով գար։ Եվ երբ ճանապարհ ընկանք, ես ձիու վրա, իսկ Նեսոն իր ցնցոտիներով ու պճեղները դուրս պրծած տրեխներով ոտքով՝ ձիու ետևից, ինձ սաստիկ ծանր եկավ։ Մի քիչ անցնելուց հետո հայտնեցի, թե ես ոտով գնալն ավելի եմ սիրում քան ձիով, ու ձիուց իջա։ Եվ այնուհետև կամ միասին ոտով էինք գնում, կամ հերթով էինք ձի նստում։ Նեսոն սրա վրա ուրախացավ, բայց նկատեցի, որ նա իմ արածը վերագրում է ոչ թե իմ բարեսրտությանն ու ընկերական զգացմունքին, այլ իմ հիմարությանը։ Ես վշտացա իմ մեջը, բայց ավելի մեծ վիշտը առաջս էր։

Ճանապարհին մի տեղ իջանք, հանգստացանք ու հաց կերանք։ Ձմերուկ ուտելու ժամանակ իմ գրպանի դանակը հանեցի տվի Նեսոյին, որ ձմերուկը կտրի։ Ճամփա ընկնելու ժամանակ դանակը կորավ։ Նեսոն պնդում էր, թե դանակն ինձ տվավ, գրպանս դրի։ Ես թեև լավ գիտեի, որ ինձ չէր տվել, բայց գրպաններս ման եկա ու ճանապարհ ընկանք։ Ես պարզ նկատեցի, որ նա իմ դանակը տակով արավ, վերջն էլ ուրիշները տեսել էին ձեռին։ Եվ ճանապարհ ընկանք սրտումս մի ծանր վիշտ, որ ոչ թե դանակս եմ կորցնում, այլ մի ուրիշ շատ թանկագին բան, որ Նեսոյի համար անհասկանալի էր․․․ Իսկ երբ տեղ հասանք, ու Նեսոն պետք է ետ վերադառնար՝ ես նրա համար մի ալխալուղացու առա նվիրեցի, բացի ձիու վարձը, իսկ նա ինձ դիմեց թե՝ «Բա մի չայի փող չես բաշխո՞ւմ․․․»։

Ես սաստիկ ամաչեցի ու էդ չայի փողն էլ տվի։ Բայց նրանից հետո, ամեն անգամ, երբ հիշում էի իմ մանկության օրերը և էն երեկոները, գերանների վրա, լուսնյակի տակ նստած մեր խումբը ու Նեսոյին՝ հեքիաթ ասելիս, ամեն անգամ սիրտս լցվում էր ցավով ու ափսոսանքով։V

— Նեսոն աղքատ է․․․ Նեսոն տգետ է․․․ Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դառնություններով․․․ Նա էլ եթե ուսում առներ, կրթվեր, ապահով լիներ՝ լավ մարդ կլիներ, գուցե ինձանից էլ շատ ավելի լավը․․․  Այժմ Նեսոյին հիշելիս միշտ էսպես եմ մտածում ու աշխատում եմ արդարացնեմ, լավացնեմ ու նորից սիրեմ էնպես, ինչպես սիրում էի էն ժամանակ։ Ուզում եմ՝ շարունակ էն խաղաղ, աստղալի լուսնյակ գիշերների Նեսոյի պատկերը լինի աչքիս առաջին, մտքիս միջին, բայց չի լինում, էլ չի լինում․ իսկույնևեթ առաջ է գալիս մի ուրիշ պատկեր, մի շատ ամոթալի ու ցավալի պատկեր։

Երբ արդեն ուսումս ավարտած, կյանք մտած մարդ էի, մի անգամ էլ մեր գյուղը վերադարձա ու գնացի գյուղամեջ։ Գյուղամիջում ժողովուրդը հավաքված աղմկում էր ու աղաղակում, իսկ մեջտեղը մի հաչից թոկով ամուր կապած ու գլխակոր կանգնած էր նեսոն։

Իմ հարցին պատասխանեցին, թե գողություն է արել։ Ես միջամտեցի, բաց թողնել տվի նրան։ Բայց իմ երևակայության մեջ նա դեռ մնում է թեժ արևի տակ թոկերով հաչիցը կապած ու գլխակոր, իսկ շուրջն աղմկում է մեր գյուղը։

Մեր գյուղում սովորական բան է և՛ գողությունը, և՛ հաչիցը կապելը, և՛ ծեծելը, բայց էս մինը իմ աչքի առաջից ու մտքի միջից չի հեռանում, ինչպես չի հեռանում և էն մանուկ Նեսոն, լուսնյակ գիշերներին գերանների վրա նստած հեքիաթ ասող Նեսոն, մաքուր ու միամիտ Նեսոն, իմ մանկության ընկեր Նեսոն։

Առաջադրանքներ

  1. Բնութագրի՛ր պատմվածքի գլխավոր հերոսին։

Գլխավոր հերոսը արդար և շատ ընկերասեր տղա էր։ Նա նաև շատ համեստ էր և բարի։

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր գլխավոր հերոսին բնորոշող հատվածները։

Դպրոցին վայել իմ հագուստն էլ փոխեցին։ Քաղաքացի աշակերտի շորեր հագա, գեղեցիկ, մաքուր ։

  1. Բնութագրի՛ր Նեսոյին։

Նեսոն փոքր տարիքում շատ տաղանդավոր և լավ տղա էր։ Բայց մեծանալո դարձավ նախանձ և անշնորհակալ։

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր Նեսոյին բնորոշող հատվածները։

Մի ընկեր ունեինք, անունը Նեսո։ Է՜նքան հեքիաթ գիտեր, է՜նքան հեքիաթ գիտեր, ոչ ծեր ուներ, ոչ տուտը։

Ամառվա լուսնյակ գիշերները մեր դռան գերանների վրա շուրջբոլոր նստոտում էինք, հիացած պլշում Նեսոյի՝ ոգևորությունից գեղեցկացած դեմքին։ Ու պատմում էր նա Հուրի փերիներից, Զմրուխտ Ղուշից, Լիս ու մութ աշխարհից․․․

Նեսոն աղքատ է․․․ Նեսոն տգետ է․․․ Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դառնություններով․․․ Նա էլ եթե ուսում առներ, կրթվեր, ապահով լիներ՝ լավ մարդ կլիներ, գուցե ինձանից էլ շատ ավելի լավը․․․

Երբ արդեն ուսումս ավարտած, կյանք մտած մարդ էի, մի անգամ էլ մեր գյուղը վերադարձա ու գնացի գյուղամեջ։ Գյուղամիջում ժողովուրդը հավաքված աղմկում էր ու աղաղակում, իսկ մեջտեղը մի հաչից թոկով ամուր կապած ու գլխակոր կանգնած էր նեսոն։

Մեր գյուղում սովորական բան է և՛ գողությունը, և՛ հաչիցը կապելը, և՛ ծեծելը, բայց էս մինը իմ աչքի առաջից ու մտքի միջից չի հեռանում, ինչպես չի հեռանում և էն մանուկ Նեսոն, լուսնյակ գիշերներին գերանների վրա նստած հեքիաթ ասող Նեսոն, մաքուր ու միամիտ Նեսոն, իմ մանկության ընկեր Նեսոն։

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր ամենահուզիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։

Եվ ճանապարհ ընկանք սրտումս մի ծանր վիշտ, որ ոչ թե դանակս եմ կորցնում, այլ մի ուրիշ շատ թանկագին բան, որ Նեսոյի համար անհասկանալի էր․․․

Այս պահը ամենահուզիչն է, որովհետև հերոսը կորցրել էր ոչ միայն իր դանակը, այլ իմ մանկության լավագույն ընկերոջը, նա կորցրել էր իր վստահությունը և դա գիտակցելը շատ ծանր էր նրա համար։

  1. Ինչպիսի՞ ընկեր էր Նեսոն։ Հիմնավորի՛ր պատասխանդ։

Նեսոն աշնորհակալ ընկեր էր։

  1. Պատմվածքի հերոսը ճի՞շտ էր վարվում, որ ներում էր մանկության ընկերոջը։

Այո, ճիշտ էր վարվում , որովհետև մտածում էր, որ եթե Նեսոն էլ , եթե ուսում ստանար, լավ մարդ կդառնար։ Բացի դա էլ նա Նեսոյի հետ այնքան լավ հիշողություններ ուներ, որ չէր ուզում մոռանալ իր մանկության Նեսոյին։

Մի քանի առաջադրանք էլ ի՛նքդ կազմիր։

Պատմվածքի համար մտածիր նոր վերջաբան։

Ինչպե՞ս կվարվեիր դու, եթե լինեիր գլխավոր հերոսի փոխարեն։

Նեսոյի պահվածքը ունի՞ արդարացում։Մեկնաբանիր կարծիքդ։

Реклама
Բնագիտություն

Մթնոլորտային ճնշում

Մթնոլորտային ճնշում. Երկրի ձգողական ուժի շնորհիվ` մթնոլորտի վերին շերտերը ճնշում են ստորին շերտերի, իսկ վերջիններս՝ նաև Երկրի մակերևույթի վրա: Այսինքն՝ օդն իր կշիռով ազդում է Երկրի մակերևույթի վրա, առաջացնում ճնշում:

Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։

Մթնոլորտն ահռելի ուժով ազդում է նաև մարդու վրա, սակայն մարդը դա չի զգում, որովհետև օդի արտաքին ճնշմանը հակազդում է օրգանիզմի ներքին ճնշումը:

Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որր լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի): Սնդիկայինն օգտագործվում է օդերևութաբանական կայաններում և տեղաշարժման համար հարմար չէ, իսկ մետաղայինը հեշտ և հար­մար է տեղափոխման համար:

Մթնոլորտային ճնշումն առաջին անգամ սնդիկային ճնշաչափով չա­փել է Տորիչելլին 1649 թ.: Սնդիկային ճնշաչափը բաղկացած է 1 մ երկա­րությամբ, մի ծայրը փակ ապակե խողովակից, որի վրա կան միլիմետրային բաժանումներ (1000 մմ), և լցված է սնդիկով: Բաց ծայրով այդ խողովակը շրջված է սնդիկով լցված թասի մեջ ։

Այդ դիրքում խողովակում սնդիկի սյան բարձրությունը՝ արտահայտված միլիմետրերով, կլինի տվյալ վայրի մթնոլորտային ճնշումը:

Այն ճնշումը, որը դիտվում է օվկիանոսի մակարդակին, 00C ջերմաս­տիճանում և հավասար է սնդիկի 760 մմ սյան գործադրած ճնշմանը, կոչ­վում է նորմալ մթնոլորտային ճնշում:

Եթե ցուցմունքը 760 մմ ֊ից ավելի է, ապա ճնշումը բարձր է, իսկ եթե պակաս է՝ ցածր:

Չափումները ցույց են տալիս, որ մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության ենթարկվում է փոփոխության: Ըստ բարձրության՝ օդը նոսրանում է, իսկ ճնշումը՝ ընկնում: Դա է պատճառը, որ լեռների վրա ճնշումն ավելի փոքր է, քան հարթավայրերում:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներքնոլորտի ստորին շեր­տում յուրաքանչյուր 1000 մ բարձրանալիս ճնշաչափի ցուցմունքը նվա­զում է մոտ 100 մմ-ով:

Օրինակ’ եթե լեռան բացարձակ բարձրությունը 4000 մ է, ապա գագա­թին մթնոլորտային ճնշումը կլինի 360 մմ (760 մմ — 4 ■ 100 մմ = 360 մմ):

Մթնոլորտային ճնշումը փոփոխվում է նաև՝ օդի ջերմաստիճանից կախված: Ջերմաստիճանի աճի դեպքում օդն ընդարձակվում է, դառնում է ավելի նոսր, ուստի ճնշումը նվազում է:

Հետևաբար՝ որքան օդի ջերմաստիճանը բարձր է, այնքան ճնշումը ցածր է, և հակառակը:

Մթնոլորտային ճնշման բաշխումը երկրագնդի վրա: Մթնոլորտային ճնշումը Երկրի մակերևույթի վրա տեղաբաշխված է խիստ անհավասա­րաչափ: Պատճառն այն է, որ երկրագնդի վրա կան տարբեր բարձրությամբ և տարբեր ջերմաստիճաններ ունեցող վայրեր:

Քարտեզի վրա հավասար մթնոլորտային ճնշումները պատկերում են հատուկ տարված գծերով, որոնք կոչվում են իզոբարեր ((հունարեն, իզոս՝ հավասար, բարոս՝ ծանրություն, ճնշում բառերից):

Երկրագնդի վրա մթնոլորտային ցածր ճնշման մարզն անվանում են ցիկլոն, իսկ մթնոլորտային բարձր ճնշման մարզը՝ անտիցիկլոն:

Ցիկլոններր երկրագնդի վրա հիմնականում ձևավորվում են հասարա­կածային և բարեխառն լայնությունների տաք ու խոնավ վայրերում:

Անտիցիկլոնները ձևավորվում են հիմնականում չորային շրջաննե­րում, ինչպես շոգ, այնպես էլ՝ ցուրտ կլիմայական պայմաններում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է մթնոլորտային ճնշումը:
  2. Ի՞նչ սարքով են չափում մթնոլորտային ճնշումը:
  3. Ինչպե՞ս է փոխվում մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության:
  4. Ի՞նչ է իզոբարը:
  5. Ի՞նչ են ցիկլոնը և անտիցիկլոնը:
  6. Երևանում մթնոլորտային ճնշումը հավասար է 660 մմ բարձրությամբ սնդիկի սյան գործադրած ճնշմանը: Հաշվեք, թե նույն պահին ճնշու­մը որքա՞ն կլինի Սևանա Լճի ափին, եթե այն Երևանից բարձր է մոտ 1 կմ: