Մթնոլորտի կազմը — Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և, միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է:
Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը երկուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի և ծուխ:
Մթնոլորտի կառուցվածքը: Մթնոլորտի ստորին սահմանը համարվում է Երկրի մակերևույթը, իսկ վերինը հասնում է մինչև 3000 կմ բարձրությունը: Առանձին գազերի մոլեկուլներ կարող են նաև անցնել այդ սահմանը։
Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջինիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը: Այս ուժի շնորհիվ է, որ մթնոլորտի խիտ շերտը և հիմնական զանգվածը գտնվում են Երկրի մակերևույթին մոտ: Ուստի ըստ բարձրության օդի խտությունը և զանգվածը նվազում են: Դա է փաստում նաև այն, որ օվկիանոսի ափին 1 մ3օդի զանգվածը 0°C-ում 1,3 կգ է, իսկ 40 կմ բարձրության վրա դառնում է ընդամենը 4 գրամ:
Բացի օդի խտությունից՝ ըստ բարձրության փոխվում են նաև օդի ջերմաստիճանը, գազերի բաղադրությունը, խոնավությունը և այլն: Հաշվի առնելով այդ փոփոխությունները՝ մթնոլորտում առանձնացնում են մի քանի շերտ:
Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետևյալ հիմնական շերտերը. ներքնոլորտ, վերնոլորտ և արտաքին ոլորտ:
Ներքնոլորտը մթնոլորտի ամենաստորին և, միաժամանակ՝ ամենակարևոր շերտն է:
Ներքնոլորտի հաստությունը բևեռային շրջաններում 8-10 կմ է, իսկ հասարակածային լայնություններում՝ 17-20 կմ:
Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգվածի մոտ 4/5 մասը: Ներքնոլորտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը, կայծակն ու ամպերը։
Վերնոլորտը տարածվում է ներքնոլորտից վեր՝ մինչև 50-55 կմ բարձրությունները: Այստեղ օդն ավելի նոսր է, ջրային գոլորշիների պարունակությունն աննշան է, իսկ ամպեր գրեթե չեն գոյանում:
Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահմանում, գտնվում է օզոնային շերտը: Այս շերտը կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթները:
Արտաքին ոլորտը մթնոլորտի ամենաբարձր ու ամենահաստ շերտն է: Այս շերտի վերին սահմանր հասնում է 2000-3000 կմ, այսինքն՝ մթնոլորտի վերին սահմանին:
Արտաքին ոլորտում մթնոլորտի խտությունն ամենափոքրն է, օդը անչափ նոսր է, ջրային գոլորշիներն ամբողջովին բացակայում են:
Մերձբևռային շրջաններում, հատկապես՝ ձմռանը, վերնոլորտում դիտվում է հյուսիսափայլի կամ բևեռափայլի երևույթ: Դա մութ երկնքի ֆոնի վրա առաջացնում է գույնզգույն լուսավոր բծերի գեղեցիկ պատկեր և Երկրի մակերևույթր լուսավորում է թույլ, գրավիչ լույսով: