Հե՜յ, պարոննե՜ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՜ւն տիկնայք, ջահե՜լ տըղերք,
Լա՜վ ուշ դըրեք իմ խաղին:
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենամ
Էս անցավոր աշխարհից:
Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ:
Գործն է անմահ, լա՜վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՛կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար:
Չարն էլ է միշտ ապրում անմ՜եռ,
Անե՛ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին:
ԵՍ լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման.
Լավ արարքը, լավ մարդին:
Է՛յ, լա՜վ կենաք, ակա՜նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես:
Թափառական – պանդուխտ – նստակյաց
սիրուն – գեղեցիկ – տգեղ
ջահել – երիտասարդ – ծեր
փուչ – դատարկ – լի
սեր – համակրանք – ատելություն
գանձ – հարստություն – աղքատություն
անմահ – անմեռ – մահկանացու
դարեդար – սերնդե-սերունդ
անվերջ – անդադար – վերջավոր
չար – չարակամ – բարի
դուշման – թշնամի – բարեկամ
քաջ – խիզախ – վախկոտ