День: 14 февраля 2022
«Что такое хорошо и что такое плохо?»
Վահան Տերյան
Ճահիճներ
Ճահիճներ. առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրերի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումներից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:
Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:
ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջացնում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:
Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրունտային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրերը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամբողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որտեղ առաջացել են և ճահճուտներ, և աղուտներ:
ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չորացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնության հավասարակցությունը:
Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փորում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում աճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներր հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով:
Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսերի և ծաղիկների մշակման համար:
Ստորերկրյա ջրեր․Աղբյուրներ
Ստորերկրյա ջրեր: Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստորերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով։
Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնելու հատկության, բաժանվում են երկու խմբի՝ ջրաթափանց և ջրամերժ:
Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:
Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ապարներից են մարմարը, կավը և այլն:
Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:
Գրունտային ջրերը առաջին ջրամերժ շերտի վրա տեղադրված ջրերն են, իսկ միջշերտային ջրերը՝ երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերը:
Աղբյուրներ: Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրերը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղցրահամ, սառնորակ ե մաքուր աղբյուրներ:
Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուրներ:
Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրներր: Աղբյուրները կարող են լինել տաք ե սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:
Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբյուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:
Արտեզյան ջրեր: Ինչպես վերևում նշվեց՝ միջշերտային ջրերը երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերն են: Սակայն, եթե տեղանքի ռելիեֆը լեռնային է, ապա գոգավորություններում կուտակված միջշերտային ջրերը գտնվում են որոշակի ճնշման տակ: Բավական է վերին ջրամերժ շերտը ծակել, և ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան: Արտեզյան անվանումն առաջացել է Ֆրանսիայի Արտուա (լատիներեն՝ Artesium) պատմական մարզից, որտեղ առաջին անգամ այդպիսի ջրհոր է փորվել: Արտեզյան ջրերով հարուստ է նաև Արարատյան գոգավորությունը:
Ստորերկրյա ջրերի օգտագործումը և պահպանումը: Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգտագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար:
Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակարանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:
Կարևոր նշանակություն ունեն նաև հանքային աղբյուրների ջրերը, որոնք օգտագործում են խմելու և բուժման նպատակներով:
Սակայն այսօր վտանգված է ստորերկրյա ջրերի անաղարտությունը: Արդյունաբերական ձեռնարկությունների ու բնակավայրերի կենցաղային կեղտաջրերը, ինչպես նաև՝ գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերն ու թունաքիմիկատները ջրերի հետ ներծծվում են երկրակեղևի մեջ և, հասնելով ստորերկրյա ջրերին՝ աղտոտում դրանք:
Ստորերկրյա ջրերի անաղարտության պահպանության հարցը ներկայումս լուրջ հիմնահարց է դարձել ողջ մարդկության համար: