Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով ե ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:
Լճերը միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: Ըստ ծագման`լինում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդային, սառցադաշտային լճեր:
Տեկտոնական ծագմամբ լճերը գոյացել են երկրակեղևի դարավոր շարժումների հետևանքով: Որպես արդյունք՝ ձևավորվել են բեկվածքներ ե լցվել ջրով’ առաջացնելով լճեր: Դրանք աշխարհի ամենախորը լճերն են, օրինակ`Բայկալը, Տանգանիկան և այլն:
Հրաբխային ծագմամբ լճերն առաջացել են հրաբուխների ժայթքումից, լինում են խառնարանային և արգելափակման: Խառնարանային լճերը փոքր են և ծանծաղ: Հայաստանի տարածքում հայտնի են Աժդահակը, Արմաղանը :
Արգելափակման լճերն առաջանում են այն դեպքում, երբ լավային հոսքերր փակում են գետի հունը, և ջուրը, կուտակվելով, գոյացնում է լիճ: Լավային հոսքերը նպաստել են նաև Սևանա և Վանա լճերի առաջացմանը: Արգելափակման լճեր կարող են առաջանալ նաև լեռնալանջերի փլվածքների հետևանքով: Տիպիկ օրինակը Հայաստանում Պարզ լիճն է:
Տեկտոնահրաբխային ծագմամբ լճերն առաջացել են երկու ուժի’ երկրակեղևի շարժումների և հրաբուխների ազդեցությամբ: Նմանատիպ լճերից հայտնի են Սևանա և Վանա լճերը:
Սառցադաշտային ծագմամբ լճերը ձևավորվել են սառցադաշտերի քայքայիչ աշխատանքի հետևանքով առաջացած գոգավորություններում’ հալոցքային և անձրևային ջրերի կուտակումից: Այդպիսի լճեր կան Արագած լեռան բարձրադիր մասերում, օրինակ’ Քարի լիճը:
Մնացորդային լճերի տարածքն անցյալում եղել է ծովերի և օվկիանոսների մաս: Հետագայում երկրակեղևի շարժումների հետևանքով այդ մասերն անջատվել են օվկիանոսից’ ձևավորելով առանձին ջրային ավազաններ, օրինակ’ Կասպից և Արալյան լճերը, որոնք մեծության ու աղիության պատճառով ծով են անվանվում:
Լճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, ստորերկրյա ջրերը, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առնում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում’ Ուրմիան, Վանը:
Որպես կանոն’ անհոսք լճերն աղի են, իսկ հոսունները’ քաղցրահամ:
Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից’ գո֊յություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կողմից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ’ պատնեշներ, և կուտակում ջուրը:
Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրամատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբուծության և այլ նպատակներով: Հայաստանում նույնպես կան կառուցված բազմաթիվ ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ոռոգման նպատակով, օրինակ’ Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ: