Հայոց լեզու

Ոսկի քաղաքը

ժուկով-ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։

2

Մեծանում է Քանաքարան, դառնում է տխուր թագավորի միակ մխիթարանքը։ Երբ հասնում Է ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում-հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազուններին ու իշխանազուններին, որ նրանց միջից ընտրություն անի Քանաքարան։ Բայց աղջիկը դուրս չի գալիս իր սենյակից։

— Հայրիկ,— ասում է,— գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։ Ասավ. Քանաքարա, շատ-շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ոչ գեղեցկության, ոչ քաջության, ոչ հարստության, որովհետև անբախտ կլինես, որին էլ ընտրես քեզ ամուսին, ընտրի միայն նրան, ով իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում։

— Շատ լավ, աղջիկս,— ասում է բարի ծերունին.— իմաստուն են երազները, ու մորդ հոգին քո երջանկության համար է խոսում։ Ես էդպես էլ կհայտնեմ հավաքված փեսացուներին, ինչպես ազդել է երազը ու ինչպես քու սիրտն է ուզում։ Նրանք աշխարհք տեսած մարդիկ են, և անշուշտ նրանց մեջ կգտնվեն էնպեսները, որ իրենց կյանքում գոնե մի անգամ եղած են Ոսկի քաղաքում։

Էսպես էլ հայտնում է թագավորը հավաքված արքայազուններին ու իշխանազուններին։ Երբ Ոսկի քաղաքի անունը լսում են, ամենքը նայում են իրար երեսի ու զարմանքով վեր են քաշում ուսերը։

— Էդպես քաղաք մենք չենք էլ լսել մեր օրում, ուր թե տեսել…

Նստում են ձիանքը ու իրար ետևից հեռանում, ցրվում իրենց աշխարհքները։

3

Բենարեսում մի երիտասարդ է լինում Դիվանա անունով։ Մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է լինում Դիվանան։ Իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից։ Հենց որ թագավորի աղջկա որոշումը լսում է, մտածում է.

— Այ քեզ լավ դեպք՝ աշխարհքում մի քիչ էլ զվարճանալու, միանգամից և կհարստանաս, և գեղեցիկ կին կունենաս։ Եվ ինչպես ոչ ոքի մտքով չի անցել գնա ասի՝ տեսել է Ոսկի քաղաքը ու ամուսնանա հետը։

Վեր է կենում, շիտակ գնում Ուքանա թագավորի պալատը։

— Հայտնեցե՛ք չքնաղ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանաս, եղել եմ Ոսկի քաղաքում։

Ամբողջ պալատը թնդում է ցնծությունից, վերջապես եկավ սպասած հերոսը։

— Ներս համեցեք,— խնդրում են դրանիկները ու ներս են տանում երիտասարդին գեղեցիկ Քանաքարայի մոտ։ Քանաքարան խնդրում է նրան, որ պատմի, թե ինչ բան է Ոսկի քաղաքը։ Ու Դիվանան սկսում է իր սուտ պատմությունը.

— Ոսկի քաղաքը… էլ մի՛ ասի, տիրուհի, թե ինչ զարմանալի թան է էդ Ոսկի քաղաքը, որ ես ընկա մեջը… Առևտրական գործերով անցնում էի աշխարհքից աշխարհք, հազար ու մի աշխարհ ընկա, հազար ու մի քաղաք տեսա՝ հազար ու մի հրաշալիքներով լիքը… Մի անգամ էլ, մի աշխարհքում, որի անունը լեզվիս ծերին է և հիմի կասեմ որտեղ որ է, տեսնեմ հեռվում մի ահագին տարածություն վառվում է արևի տակ, ինչպես մի հսկայական հրդեհ։

— Էս ի՞նչ հրաշք է,— հարցնում եմ ընկերներիս։

— Ոսկի քաղաքն է,— ասում են ինձ։

Ճշմարիտ որ Ոսկի քաղաք… Մոտենում ենք, ի՜նչ տեսնենք՝ տները ոսկի, ծառերը ոսկի, փողոցները ոսկի… Մարդիկ էլ ոչ աշխատում են, ոչ չարչարվում են, նստած ուտում-՚խմում ՛են…

— Դուրս արեք էս անամոթ ստախոսին,— բարկացած կանչում է Քանաքարան։

Վզին տալով դուրս են անում երիտասարդ Դիվանային և պալատը նորից ընկղմվում է տխրության մեջ…

4

Продолжить чтение «Ոսկի քաղաքը»
Реклама
Բնագիտություն

ԼՃԵՐ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ

Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով ե ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:

Լճերը միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: Ըստ ծագման`լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր:

Տեկտոնական ծագմամբ լճերը գոյացել են երկրակեղևի դարավոր շարժումների հետևանքով: Որպես արդյունք՝ ձևավորվել են բեկվածքներ ե լցվել ջրով’ առաջացնելով լճեր: Դրանք աշխարհի ամենախորը լճերն են, օրինակ`Բայկալը, Տանգանիկան և այլն:

Հրաբխային ծագմամբ լճերն առաջացել են հրաբուխների ժայթքու­մից, լինում են խառնարանային և արգելափակման: Խառնարանային լճե­րը փոքր են և ծանծաղ: Հայաստանի տարածքում հայտնի են Աժդահակը, Արմաղանը :

Արգելափակման լճերն առաջանում են այն դեպքում, երբ լավային հոսքերր փակում են գետի հունը, և ջուրը, կուտակվելով, գոյացնում է լիճ: Լավային հոսքերը նպաստել են նաև Սևանա և Վանա լճերի առաջացմանը: Արգելափակման լճեր կարող են առաջանալ նաև լեռնալանջերի փլվածք­ների հետևանքով: Տիպիկ օրինակը Հայաստանում Պարզ լիճն է:

Տեկտոնահրաբխային ծագմամբ լճերն առաջացել են երկու ուժի’ երկրակեղևի շարժումների և հրաբուխների ազդեցությամբ: Նմանատիպ լճե­րից հայտնի են Սևանա և Վանա լճերը:

Սառցադաշտային ծագմամբ լճերը ձևավորվել են սառցադաշտերի քայքայիչ աշխատանքի հետևանքով առաջացած գոգավորություններում’ հալոցքային և անձրևային ջրերի կուտակումից: Այդպիսի լճեր կան Արագած լեռան բարձրադիր մասերում, օրինակ’ Քարի լիճը:

Մնացորդային լճերի տարածքն անցյալում եղել է ծովերի և օվկիա­նոսների մաս: Հետագայում երկրակեղևի շարժումների հետևանքով այդ մասերն անջատվել են օվկիանոսից’ ձևավորելով առանձին ջրային ավա­զաններ, օրինակ’ Կասպից և Արալյան լճերը, որոնք մեծության ու աղիութ­յան պատճառով ծով են անվանվում:

Լճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, ստո­րերկրյա ջրերը, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում’ Ուրմիան, Վանը:

Որպես կանոն’ անհոսք լճերն աղի են, իսկ հոսունները’ քաղցրահամ:

Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից’ գո֊յություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ’ պատնեշներ, և կուտակում ջուրը:

Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով: Հայաստանում նույնպես կան կառուցված բազմաթիվ ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ո­ռոգման նպատակով, օրինակ’ Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ: