Բնագիտություն

Մեզ սնող հողը

Երկրի ցամաքային տարածությունները ծածկված են փխրուն շերտով, որն անվանում են հող: Հող չկա միայն ցամաքի սառցածածկ տարածքների և ժայռերի վրա:

Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիո­նավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը` կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառ­նա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս: Իսկ հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:

Քայքայված ապարի ու հումուսի միախառնումից գոյանում է հողը: Բույսերի սերմերը, ընկնելով հողի մեջ, ծլում են, աճում, և մարդը բերք ու բարիք է ստանում: Իսկ լերկ քարի մակերեսին սերմը չի կարող ծլել:Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: Հողում ապրում են նաև որդեր, միջատներ, խլուրդներ և մկներ։ Հողի մեջ մեջ միշտ ջուր և օդ կա։ Բույսերի աճի համար դա շատ կարևոր է։
Հողի կազմից կախված են նրա փխրունությունը և ջուրը պահելու հատկությունը: Օրինակ, եթե ավազը հողի մեջ շատ է, ապա այդպիսի հողում ջուրը արագ ներծծվում է և հեռանում գետնի խորքերը: Եթե հողում կավն է շատ, ապա այնտեղ ջուրը դանդաղ է ներծծվում, այդ պատճառով կավով հարուստ հողերը շատ ջուր են պարունակում:
Շատ հումուս պարունակող հողերը փուխր են լինում և կարողանում են իրենց մեջ ջուր և օդ պահել:
Հողի բաղադրությունից կախված է նաև նրա գույնը: Լինում են տարբեր գույնի հողեր: Որքան հողում հումուսը շատ է, այնքան դրա գույնը մուգ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը: Մարդիկ վաղուց իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը: Իսկ ի՞նչ է նշանակում դա:

Հողը մշակել նշանակում է ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, ջրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում` պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:

Մշակելով հողը` մարդիկ պետք է հոգ տանեն նաև դրա պահպանու­թյան մասին, հողը վարել ճիշտ ժամանակին, պարարտացնել, աճեցնել խիտ արմատներ ունեցող բույսեր, դաշտերի շուրջը ստեղծել անտառաշերտեր:

Реклама
Հայրենագիտություն

ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐ

Tigranes_the_Great

Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են, նրա պաշտելի հերոսները։
Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր։ Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված զրույցները, ավանդապատումները,
առասպելները հարյուրամյակներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից։
Այսօր էլ, ավելի քան երկու հազար տարի հետո, հայ մարդիկ
իրենց զավակներին կոչում են Արտաշես ու Տիգրան անուններով։

Արտաշես I-ը Արտաշեսյան արքայատոհմի (Ք. ա. 189-1թթ.)հիմնադիրն է։ Ք. ա. 189թ. դառնալով հայոց թագավոր` նա հաջորդաբար Մեծ Հայքի սահմանների մեջ վերամիավորեց հայկական հողերը։ Արտաշես արքան ստեղծեց հզոր բանակ: Նրա թագավորության ժամանակ մեր երկրում շատ նշանավոր գործեր կատարվեցին։ Ամենից առաջ նա շենացրեց ու բազմամարդ դարձրեց երկիրը։ Իր գրաված երկրներից
տարբեր ազգությունների մարդկանց բերեց և վերաբնակեցրեց Հայաստանի լեռնային վայրերում, դաշտերում ու հովիտներում։ Նրա օրոք Հայոց աշխարհում, ըստ Մովսես Խորենացու` «անմշակ հող չմնաց»։

Արաքս գետի ափին հայոց արքան հիմնադրում է նոր մայրաքաղաք, որը նրա անունով կոչվեց Արտաշատ։

Տիգրան II Մեծ (Ք. ա. 95-55թթ.)
Տիգրան Մեծի անունը հայտնի է յուրաքանչյուր հայի։
Կառավարման առաջին իսկ տարիներին Տիգրան Մեծը կարողացավ միավորել բոլոր հայկական հողերը,  կարողացավ հզորացնել հայոց բանակը։ Հայոց թագավորությունն
այնքան էր հզորացել, որ Տիգրան Մեծը իրեն հռչակեց արքայից արքա։ Հայոց արքայի գերիշխանությունն ընդունում էին բազմաթիվ մանր թագավորություններ, ինչպես նաև Վիրքը(Վրաստանը) և Աղվանքը։Տիգրան Մեծին առաջարկեցին դառնալ նաև Ասորիքի թագավոր։ Ք. ա. 83թ. Տիգրանը հանդիսավոր կերպով մտավ Միջերկրական ծովի ափին գտնվող Անտիոք մայրաքաղաք։ Իրեն ենթարկելով նաև Ասորիքին հարևան երկրները՝ Տիգրան Մեծն ավարտեց իր նվաճումները։ Տիգրան Մեծի տերությունը Հին աշխարհի ամենամեծ պետություններից էր, որի սահմանները ձգվում էին Կասպից
ծովից մինչև Միջերկրական ծով։ Ունենալով այդպիսի հզորություն՝ Տիգրան Մեծը,  ռազմատենչ արքա չէր։ Նա պատերազմի մեջ էր մտնում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Ք. ա. 80-ական թթ. Տիգրան Մեծը ձեռնարկեց նոր մայրաքաղաքի` Տիգրանակերտի շինարարությունը։  Տիգրանակերտը կարճ ժամանակում դարձավ մեծ քաղաք։ Քաղաքում
շքեղ պալատներ էին կառուցվում։ Տիգրանակերտն ուներ 25 մետր բարձրությամբ պարիսպներ, որոնց ներսում տարբեր շինություններ կային։
Իր քառասնամյա կառավարման ընթացքում Տիգրան Մեծ արքան ունեցավ շատ հաղթանակներ ու փառահեղ նվաճումներ, հիմնադրեց Տիգրանակերտ մայրաքաղաքն ու այլ քաղաքներ։