Համո Սահյան
Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:
Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:
Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:
Հարցեր և առաջադրանքներ
- Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Վաղորդյան ցող -ջրի մանր կաթիլներ, որ լինում բույսերի վրա առավոտյան, աբրեշում — մետաքս, կտորի տեսակ, պերճ -շքեղ, զարդարուն, սոսափ -տերևների, ճյուղերի շարժումից առաջացած մեղմ ձայն
- Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:
- <<Ես հիշում եմ իմ մայր անտառը, ամեն մի ծառի սոսափը, ձյան տակ ծածկված արահետները, անտառապահի խարույկը։>>
- Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:
- Չնայած եղևնին իր մայր անտառից հեռու էր, բայց չեր տխրում, որովհետև նա դարձել էր տոնածառ և ուրախացնում էր երեխաներին։
- Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:
- Ոչ, եղևնին չէր ափսոսում, որ նա այլև անտառում չէ։
- Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:
- Եղևնին հպարտ էր նայում աշխարհին, որովհետև հենց եղևնին են Ամանորին զարդարում գեղեցիկ լույսերով և խաղալիքներով և կարծես հենց եղևնին է բերում Ամանորը։
- Նամակ գրի՛ր եղևնուն:
- <<Սիրելի եղևնի ես շատ ուրախ եմ, որ քեզ դուր է գալիս երեխաներին ուրախացնելը և դու չես ափսոսում, որ քո մայր անտառում չես, ես ուզում եմ, որ դու իմանաս, որ երեխաների համար դու աշխարհի ամենագեղեցիկ ծառն ես։>>